Wipha (Վիպա) արեւադարձային փոթորիկը հինգշաբթի առավոտյան սկսել է մոլեգնել Հարավային Չինաստանի Հայնան կղզում՝ իր հետ բերելով հորդառատ անձրեւներ հարեւան շրջաններում՝ Գուանդուն նահանգում եւ Հուանսի-Չժուանի ինքնավար շրջանում։ Ինչպես տեղեկացրել են տեղի իշխանությունները, հնարավոր արտակարգ դրությունների կանխման եւ հետեւանքների վերացման համար մոբիլիզացվել են ավելի քան 16 հազար մարդ եւ 5,9 հազար միավոր հատուկ տեխնիկա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Չինաստանի օդերեւութաբանական ծառայությունների տվյալներով՝ քամու արագությունն առանձին շրջաններում գերազանցում է վայրկյանում 23 մետրը, ինչը համարժեք է Բոֆորտի սանդղակի 9 բալին։ Զգալի տարածքներում առաջիկա երեք օրերին կտեղան հորդառատ անձրեւներ՝ մոտ 200 միլիմետր։ Կառավարությունը բնակչությանը տեղեկացրել է առավելագույն զգոն լինել՝ մարդկային զոհերից եւ նյութական վնասներից խուսափելու համար։
Մեկ օր առաջ փոթորիկը կաթվածահար էր արել կյանքը Հոնկոնգում, որտեղ վատ եղանակի պատճառով խափանվել էին ֆոնդային բորսայի սակարկությունները, փակ էին օֆիսները, չէին աշխատում պետական հաստատությունները։




























