Հնդկաստանի վարչապետ Մանմոհան  Սինգհը Պակիստանի նախագահին եւ վարչապետին հրավիրել է կրիկետի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղին, որը տեղի է ունենալու մարտի 30-ին երկու երկրների հավաքականների միջեւ:

Հնդկական լրատվամիջոցների փոխանցմամբ` Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիին եւ վարչապետ Յուսուֆ Ռազի Գիլանիին ուղղված պաշտոնական հրավերները փոխանցվել են Հնդկաստանում Պակիստանի դիվանագիտական ներկայացուցչություն:

Պակիստանի իշխանությունները դեռ չեն որոշել` կընդունվի հրավերը, թե ոչ:

Հիշեցնենք, որ 1947թ-ից, Բրիտանական Հնդկաստանի անկումից հետո, երկու երկրների միջեւ հարաբերությունները լարված են մնում: Նրանք երեք անգամ պատերազմել են եւ մինչ օրս միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ ունեն: