«Ժառանգություն» կուսակցության վարմունքը կոալիցիոն հուշագրի ստորագրումից նեղացվածության դրսեւորում է: Այդ մասին այսօր` մարտի 29-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը:

«Հուշագիր է ստորագրվել, որում երկու քաղաքական ուժեր հայտարարեցին համագործակցության մասին»,- ասաց Բադեյանը, ապա մի վայրկյան մտածեց իր խոսքերի ճշմարտացիության վրա ու արագ ուղղեց իրեն. «Երեք ուժեր»: Հարցին, թե ո՞ւմ էր մոռացել կոալիցիոն ուժերից,  պատգամավորը ժպտաց, իսկ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց. «Դե լավ, պարոն Բադեյան, հարցաքննության չեք...»:

«Նեղանալ, որ երեք քաղաքական ուժեր չեն ցանկանում, որ կոալիցիայի կազմում ընդգրկվի չորրորդը, եւ դրա համար լքել նիստերի դահլիճը, ուղղակի ծիծաղելի է: Քաղաքական ուժերը բոլոր ջանքերը գործադրում են, որ հայտնվեն խորհրդարանում: Տվյալ դեպքում պարզ դարձավ, որ «Ժառանգությունը» շանսեր չունի հայտնվելու»,- հավաստիացրել է Բադեյանը` հավելելով, որ հենց դա է «Ժառանգության» ծայրահեղ ակցիաների, այդ թվում` կուսակցության առաջնորդի հացադուլի պատճառը:

Բադեյանը նկատել է նաեւ, որ առ այսօր պարզ չէ, թե ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ թե ինչու «Ժառանգության» պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը: