ICAO-ն (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը) պետք է Ադրբեջանին զրկի ICAO-ի անդամությունից: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Վալերի Ադբաշյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը ստորագրել է ICAO-ի կոնվենցիան, որ երբեք չի հարվածի քաղաքացիական օդանավերին, սակայն այժմ խախտում է իր պարտավորությունը, սպառնալով, թե կհարվածի իրենց օդային տարածքում հայտնված Ստեփանակերտի օդանավերին, եթե գործարկվի ԼՂՀ օդանավակայանը: ԼՂՀ քաղավիացիայի վարչության պետը նշեց նաեւ, որ  ICAO-ն  աչքակապությամբ է զբաղվում: Այն աչք է փակում այն հանգամանքի վրա, որ աշխարհի մի շարք չճանաչված պետություններ, օրինակ` Աֆրիկյան շատ երկրներ, եւ Հյուսիսային Կիպրոսը, թռիչքներ են իրականացնում:

«Մենք տեղեկացված ենք, որ ե’ւ Ադրբեջանը, ե’ւ Թուրքիան չվերթներ են կատարում դեպի այդ երկրներ, ավելին`չվերթներ են կատարվում  Հյուսիսային Կիպրոսից դեպի Լոնդոն: ICAO-ն չի առարկում այս ամենին, եւ անհասկանալի է, թե ինչո՞ւ այն պետք է մեր դեմ որոշակի հակասական քայեր գործադրի»,-նկատեց Ադբաշյանը` միաժամանակ հավելելով, որ ICAO-ն ձեռնպահ կմնա Ստեփանակերտի օդանավակայանի նկատմամբ կտրուկ քայլեր կատարելուց:

Հարցին, թե ինչպե՞ս է վարվելու ԼՂՀ քաղավիացիան, գործարկելո՞ւ է Ստեփանակերտի օդանավակայանը` անտեսելով ICAO-ի դիրքորոշումը, Ադբաշյանը պատասխանեց. «Թռիչքներ սկսել-չսկսելու որոշումը քաղաքական մարմինների լիազորությունների մեջ է մտնում: Մենք կկատարաենք այն, ինչ կորոշի մեր ղեկավարությունը:  Ե’ւ ԼՂՀ,  ե’ւ ՀՀ իշխանությունները պետք է քաղաքական որոշում ընդունեն այս առումով»,-նկատեց NEWS.am-ի զրուցակիցը:

Նշենք, որ ԼՂՀ օդանավակայանը պատրաստվում է թռիչքներ իրականացնել այս տարվա մայիսի 9-ից:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչությանն է փոխանցել Ադրբեջանի քաղավիացիայի պետական վարչության ղեկավարի նամակը, որում ասվում է, թե Ադրբեջանը պատրաստ է հարվածել Լեռնային Ղարաբաղ ուղեւորվող օդանավերին, եթե Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը։ Նկատենք, որ ԱՄՆ-ն անընդունելի է համարել Ադրբեջանի սպառնալիքները Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները ոչնչացնելու մասին: «Նման սպառնալիքները չեն բխում այն սկզբունքներից, որոնք պետք է հաշվի առնի Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: