Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը քաղաքացիական ակցիա էր, քաղաքացիական եւ քաղաքական բողոք, իսկ «Ծոմ ազատությանը» միայն անունն էր: Մարտի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը՝ ավելացնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը մարտահրավեր էր իշխանությունների սկզբունքներին:
«Հովհաննիսյանն իր բողոքով նախեւառաջ ցանկանում էր ասել, որ մենք մեր ձայնի տերն ենք լինելու անգամ կյանքի գնով։ Հովհաննիսյանի ակցիան ուղղված էր ոչ միայն երկրի իշխանություններին, այլ նաեւ ընդդիմությանն ու հանրությանը։ Եթե մենք հաշտվենք մեր իրավիճակի հետ, ապա ոչ մի կուսակցություն կամ առաջնորդ չեն կարողանա որեւէ բան փոխել։ Հացադուլն իր մեջ ինքնազոհողության գաղափար ունի որը ցնցեց մարդկանց։ Նրանք հասկացան, որ գոյություն ունի մարդ, ով պատրաստ է գնալ զոհողության, եւ որ ամեն բան կորած չէ»,- վստահ է Հակոբյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի ընդդիմադիր ուժերին, ապա «Ժառանգության» քարտուղարի կարծիքով, ուղերձը կայանում էր միավորման անհրաժեշտության մեջ՝ ոչ թե մեկ մարդու կամ առաջնորդի, այլ ժողովրդի շուրջ։
Ամփոփելով՝ Հակոբյանը նկատեց, որ ընդմիջումից հետո «Ժառանգությունը» կմասնակցի խորհրդարանական նիստերին։





























