Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ ճանապարհը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ իրացման հնարավորությունն է։ Այս մասին մարտի 31-ին Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-ռեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշեց, որ իր շվեյցարացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսին նախորդած հանդիպմանը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։
«Խոսել ենք Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին։ Ուզում եմ հավատալ, որ այս անգամ Ադրբեջանի խոսքերն ու գործողությունները իրարից չեն տարբերվի»,- նկատեց նախագահը։ Նա ընդգծեց, որ հաստատել է Հայաստանի դիրքորոշումը, այն է՝ հակամարտության լուծումը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ իրացման հնարավորությունն է։ Ինչպես նկատեց նախագահը, հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով, որքան էլ դա դժվար լինի։
Մարտի 5-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ Սոչիում կայացել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն էր ընդունվել, որով սահմանվել էր կարճ ժամկետներում կազմակերպել ռազմագերիների փոխանակման հարցը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ղարաբաղաադրբեջանական շփման գծում կատարվող միջադեպերի հետաքննություն իրականացնել։




























