Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել 2011թ. երկրորդ եռամսյակում շարունակել սուբսիդավորվել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով նախկինում տրամադրված վարկերի տոկոսավճարները, ինչպես նաեւ կսուբսիդավորվեն նոր տրամադրված վարկերի տոկոսավճարները։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկ այլ որոշմամբ հանրապետությունում առաջին անգամ ձեւավորված սոցիալական բնակարանների ֆոնդի բաշխման իրավունքը վերապահվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը 90 տոկոսով իրականացվում էր Երեւան քաղաքում։ Մարզերի շահառուների համար վարկերի տրամադրման արտոնություն սահմանելու շնորհիվ պատկերը կտրուկ փոխվել է, եւ ծրագիրը թափ է առնում մարզերում, մի հանգամանք, որը նպաստում է տարածքների համաչափ զարգացմանը։ Ինչ վերաբերում է սոցիալական բնակարանների ֆոնդի ստեղծմանը, ապա սա, վարչապետի բնորոշմամբ, առաջին քայլն է։ Բնակչության անապահով խավին բնակարաններ կտրամադրվեն արդեն իսկ կառուցված եւ կառուցվող շենքերում։