Ամերիկյան իշխանություններն իրենց քաղաքացիներին կոչ են արել ձեռնպահ մնալ Սիրիա այցելելուց եւ թույլ են տվել դիվանագետների եւ ԱՄՆ կառավարության աշխատակիցների ընտանիքներին լքել այդ երկիրը:
«Սիրիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները ճիշտ կանեն վերլուծեն իրենց անվտանգության հետ կապված իրավիճակը եւ հնարավոր է, լքեն այդ երկիրը»,- ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:
Նախազգուշացումն արվել է այդ երկրում շարունակվող հուզումների հետ կապված:
Պետդեպարտամենտի հրապարակած տեքստում նաեւ նշվում է, որ Սիրիայում օտարերկրացիների նկատմամբ թշնամանքի աճ է նկատվում, որի արդյունքում հնարավոր է, ամերիկացիներ ձերբակալվեն: ԱՄՆ-ում կարծում են, որ ձերբակալվածներին կարող է մեղադրեն լրտեսության մեջ:
ԱՄՆ իշխանությունները պատրաստ են Սիրիայում աշխատող դիվանագետների հարազատներին անվճար օդանավ տրամադրել:
Սիրիայում հակակառավարական ցույցերի մասնակիցները պահանջում են նախագահ Բաշար Ասադից տնտեսական եւ քաղաքական ռեֆորմներ իրականացնել: Ասադը երկիրը ղեկավարում է արդեն 11 տարի: Նա խոստովանել է վերափոխումների անհրաժեշտությունը եւ մարտի 29-ին ցրել է կառավարությունը:
Սակայն մինչ այդ Սիրիայի իշխանությունները երկրի խոշոր քաղաքներում ուժ են կիրառել ընդդիմադիրների ցույցերը ցրելու համար, որի հետեւանքով ցուցարարների գնահատականներով, սպանվել է շուրջ 130 մարդ: Իշխանությունները խոսում են 30 սպանվածի մասին:





























