Լիբիական ապստամբներն արդեն ապրիլի 5-ին կսկսեն նավթի արտահանումը: Նրանց վերահսկողության տակ գտնվող տերմինալներից մեկում պահպանվում է 3 մլն բարել նավթ` ընդհանուր 375 մլն դոլար արժողությամբ:
Equator լցանավն ապրիլի 4-ի առավոտյան դուրս է եկել եգիպտական Պորտ Սաիդից եւ 2 ժամից կհասնի Լիբիայի արեւելքում գտնվող Թոբրուկ` բեռնվելու համար: Լցանավի սեփականատերը հունական Dynacom ընկերությունն է:
Անցած շաբաթ Քաթարն առաջարկել էր լիբիական ապստամբներին վաճառել նավթը այդ երկրի շուկայում: Ընթացիկ գներով` 1 մլն բարել լիբիական նավթը կարող է վաճառվել 125 մլն դոլարով:
Ըստ հրապարակումների` ընդդիմությունը նավթադոլարները կարող է ծախսել Մումար Քադաֆիի ռեժիմին դիմակայելու նպատակով:
ԱՄՆ-ը ավելի վաղ հայտարարել էր, թե լիբիական ապստամբների կողմից նավթի վաճառքը Քադաֆիի ռեժիմի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մեջ չի մտնում:





























