Վերջին տվյալներով Կոտ դ’Իվուարում Հայաստանի քաղաքացիներ չկան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Արեւմտյան լրատվամիջոցների տեղեկություններով, Կոտ դ’Իվուարում շարունակվում են մարտերը երկու նախագահների միջեւ: Աբիջան քաղաքի կենտրոնական մասում, որտեղ Լորան Գբագբոն է ամրացել, այսօր փոխհրաձգություն է սկսվել: Կրակոցներ են լսվում նախագահական նստավայրի մերձակայքում: Ավելի վաղ, որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ ընդդիմության կողմնակիցները կարողացել են գրավել Լորան Գբագբոյի նստավայրը:

Նախորդ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ էր ընդունել Կոտ դ’Իվուարի վերաբերյալ, որտեղ Լորան Գբագբոն հրաժարվում է ընդունել ընտրություններում իր կրած պարտությունն ու իշխանությունը հանձնել Ալասսան Ուատտարային: