Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ստուգումներ չի անցկացրել GeoProMining ընկերությունում` Հայաստանում վերջինիս 4-ամյա գործունեության ընթացքում: Այս մասին ասված է նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանի` «ԷկոԼուր»-ին ուղղված պատասխան նամակում: Հիշեցնենք, որ «GeoProMining»-ը շահագործում է Սեւանա լճի մերձակայքում Սոթքի ոսկու հանքավայրը:

«ԷկոԼուր»-ի հարցումը վերաբերում էր Սոտքում մանրող-ջարդող սարքի տեղադրմանը, որը հակասում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի` Սեւանի ավազանում վերամշակման գործունեություն արգելող 10-րդ հոդվածին: <Էկոլուրի>  տվյալներով` ընկերության գործունեությունը Սոտքում, հանքավայրի բաց եղանակով շահագործմանն անցնելը, հանգեցրել են տասնյակ հազարավոր տոննա լցակույտերի գոյացմանը, որոնք պարունակում են տոքսիկության առաջին դասի տարրեր` անտիմոն, մկնդեղ, ինչպես նաեւ ռադիոակտիվ տարրեր, որոնք բնորոշ են նմանատիպ բազմամետաղային հանքերին:  Հանքանյութի մանրացումը եւ բաժանումն արդեն իսկ արտադրական գործընթաց է` թեկուզ եւ առանց քիմիական մշակման:

Արդեն իսկ  նկատվում է ընկերության գործունեության բացասական ազդեցությունը Սեւանա լճի ավազանի վրա, եւ առաջին հերթին Սոտք գետի եւ ստորգետնյա ջրերի վրա: Սոտք գետի հատակային նստվածքում  հայտնաբերվել են Սոտքի հանքավայրին բնորոշ տարրերի սահմանային թույլատրելի նորմերի գերազանցում: