Որեւէ կասկած չկա, որ Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը լինելու է նույնքան մարդաշատ, որքան մարտի 17-ի հանրահավաքն էր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 6-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

«Ժողովրդի մասնակցության առումով ՀԱԿ-ի հանրահավաքները վաղուց արդեն զանգվածային են: Մի քանի հազար մարդ ավել կամ պակաս` էական չէ: Բայց եւս մեկ անգամ կրկնեմ, որ առաջիկա հանրահավաքը առնվազն չի զիջելու նախորդ հանրահավաքը»,-հայտարարեց Շահնազարյանը:

Նա նշեց, որ ապրիլի 8-ի հանրահավաքը լինելու շատ կարեւոր միջոցառում, որի ընթացքում կհայտարարվեն ՀԱԿ-ի առաջիկա նախաձեռնությունների եւ անելիքների մասին: «Խոստանում եմ, որ չեք հիասթափվի»,-ասաց ընդդիմադիր գործիչը:

Նա նաեւ անդրադարձավ այն խոսակցություններին, թե իշխանության եւ ՀԱԿ–ի միջեւ նախորդ հանրահավաքի ժամանակ գործարք է եղել, ինչից հետո ՀԱԿ- հանրահավաքի մասնակիցներին թույլ տրվեց մտնել Ազատության հրապարակ: ՀԱԿ ներկայացուցիչը հայտարարեց, որ  իշխանության եւ իշխանության ներկայացուցիչների հետ շփումներ իհարկե եղել են, սակայն դա եղել է մի քանի տասնյակ հազար մարդկանց աչքի առաջ` Ազատության հրապարակի, Մատենադարանի շրջակայքում։ «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որեւէ այլ շփումներ եւ կոնտակտներ չեն եղել։ Թեեւ նույնիսկ եթե լինեին էլ, այդտեղ ոչ մի կրիմինալ բան չկա, որովհետեւ երբեք մենք այդ ամենը հասարակությունից չէինք թաքցնի, եթե լինեին էլ։ Օրինակ 88–90 թվականների շարժման ընթացքում իշխանությունների հետ կարելի է ասել 24-ժամյա կապի մեջ էինք»,- հայտարարեց Դավիթ Շահնազարյանը։

Հիշեցնենք, որ ՀԱԿ հանրահավաքը տեղի կունենա ժամը 18-ին, Մատենադարանի մոտ: