Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ավարտել է բեռնափոխադրող ընկերությունների վարքագծի հետ կապված ուսումնասիրությունը եւ վարչական վարույթ հարուցել շուկայում գործող 4 ընկերությունների նկատմամբ:

Այսօր` ապրիլի 6-ին կայացած Հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ վարչական վարույթ հարուցել շուկայում գործող 4 ընկերությունների հանդեպ:

ՏՄՊՊՀ-ից պարզաբանում են, որ դրանք են. «Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» եւ «ՍՕՀՕ»: Վարչական վարույթի ավարտից հետո, օրենքով սահմանված ժամկետներում արդյունքները կներկայացվեն հանրությանը:

Հիշեցնենք, որ համաձայն մամուլի հրապարակումների, ինչպես նաեւ առեւտրականների հավաստիացումների, տարեսկզբին վերոնշյալ 4 տնտեսվարողները բարձրացրել են Թուրքիայից եւ Չինաստանից ներկրվող ապրանքների համար առեւտրականներից գանձվող վճարի չափը: Նույն աղբյուրների պնդմամբ, Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի մաքսազերծումը 4 դոլարից դարձել է 8 դոլար, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում՝ 7 դոլարի փոխարեն՝ 14 դոլար:

Նշենք, որ առաջինն այս խնդրի մասին բարձրաձայնել է Թուրքիայում NEWS.am-ի թղթակիցը` հաղորդելով, որ Ստամբուլի «Էմնիյեթ» ավտոկայանում, որտեղից իրականացվում է Ստամբուլ-Երեւան ավտոբուսային ուղերթը, մի քանի հարյուր խաբված հայաստանցի առեւտրականներ բողոքի չարտոնված ցույց են արել:

Այնուհետ Թուրքիայից եւ Չինաստանից ապրանք ներմուծող հայ առեւտրականները ցույցեր են կազմակերպել Երեւանում՝ կառավարությունից պահանջելով չբարձրացնել մաքսազերծման արժեքը:

Ըստ Պետեկամուտների կոմիտեի պարզաբանումների` տնտեսվարող սուբյեկտներն իրենց իրական շրջանառությունը թաքցնելու, հարկերից խուսափելու կամ ինչ-ինչ պատճառներով տնտեսական գործունեությունը (ապրանքների ներկրումը Թուրքիայից կամ Չինաստանից) իրականացնում են միջնորդավորված՝ բեռնափոխադրող կազմակերպությունների միջոցով: Ըստ այդմ` բեռնափոխադրումների (ներառյալ մաքսազերծումը) արժեքը թանկացրել են միջնորդ կազմակերպությունները, որոնց նկատմամբ հարկային վարչարարությունը կխստացվի: