Վերջին շրջանում շաքարավազի շուկայում տեղի են ունենում գնային փոփոխություններ. մի քանի շաբաթների կտրվածքով այս ապրանքատեսակի մանրածախ գինը որոշակիորեն բարձրացել է: Նման եզրահանգման է եկել Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մոնիտորինգի խումբը, որը մշտապես դիտանցումներ է կատարում մայրաքաղաքի առեւտրի կետերում:

Հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` ապրիլի 7-ին կայացած Հանձնաժողովի նիստում որոշվել է կատարված դիտանցումների հիման վրա ուսումնասիրություններ սկսել շաքարավազի շուկայում: Հանձնաժողովը  շուկայում գործող ներկրող եւ արտադրող ընկերություններից կպահանջի տեղեկատվություն իրենց գործունեության, եւ, մասնավորապես,  գների բարձրացման հիմնավորումների վերաբերյալ:

Նշենք նաեւ, որ Հանձնաժողովի ուսումնասիրություններով Հայաստանում շաքարավազի պահանջարկը բավարարվել է ներկրվող շաքարավազի հաշվին, որն ապահովել է հիմնականում գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը: Սակայն այժմ շուկայում  գործում է նաեւ արտադրող ընկերություն՝  «Լուսաստղ շուգր» անվանմամբ: