Կառավարությունը սուբսիդիա կհատկացնի այն գյուղացիներին, որոնք ապրիլի 1-ից վարկ կվերցնեն՝ գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու նպատակով։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 7-ին լրագրողներին հայտնեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։

Պետական այդ ծրագրում ընդգրկված են 3 բանկեր՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ», «Արդշինինվեստբանկ» եւ «Կոնվերսբանկ»։  Սուբսիդիան կհատկացվի անմիջապես գյուղացուն։ Վ. Գաբրիելյանի խոսքով՝ նշված բանկերը նախնական համաձայնություն են տվել վարկերը գյուղացուն տրամադրել տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով։ Կառավարությունը պարտավորվում է սուբսիդավորել տոկոսադրույքի 4 տոկոսային կետի չափով, իսկ 200 առավել աղքատ համայնքներում՝ 6 տոկոսի չափով; Այդպիսով՝ գյուղացու վրա վարկը «կնստի» տարեկան 8 կամ 10 տոկոս։

Մեկ այլ արտոնություն էլ սահմանվել է մարումների մասով՝ մարումները կսկսեն 6-րդ ամսից։ Նշենք, որ դոլարով տրամադրվող վարկերի նկատմամբ այս սուբսիդիան չի գործում, այնինչ դոլարային վարկերը էական կշիռ ունեն գյուղացիության ֆինանսավորման հարցում։

Վ. Գաբրիելյանի տեղեկացմամբ՝ վարկերը կլինեն փոքր՝ 2-3 մլն դրամի սահմաններում, 1 տարի մարման ժամկետով։ Բանկերը վարկավորումը կիրականացնեն սեփական ռեսուրսների հաշվին։ Ֆինանսների նախարարը ենթադրում է, որ այս ծրագրով գյուղացիությունը մոտ 6-10 մլրդ դրամի սահմաններում վարկ կստանա։ Սուբսիդավորման գումարը բյուջեում 250 մլն դրամ է, սակայն չի բացառվում, որ այն ավելացվի։