Հոգեբանները վաղուց պարզել են, որ կնոջ ազդեցությունը տղամարդու վրա բավականին շատ է եւ լավ է, որ այդպես է, որովհետեւ կինը իր մեջ կրում է պահպանման սկիզբը: Այսօր` ապրիլի 7-ին ասուլիսում այս մասին ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
«Նույնիսկ էվոլյուցիայով, երբ ինչ-որ պարզ համակարգ սկսում է շարքից դուրս գալ, էգերն ակտիվանում են եւ սկսում են պահպանել կործանվող համակարգը: Մեր բնության զավակներ ենք, էվոլյուցիայի բարձր մակարդակում ենք գտնվում: Եթե ընտանիք համակարգը սկսում է քանդվել, կինը պետք է իր դերը ունենա»,- ասաց Կարիեն Նալչաջյանը:
Պատմաբան Ռաֆայել Նահապետյանը խոստովանեց, որ այսօր հայկական ընտանիքներում «անցնում է» կնոջ խոսքը:
Անցյալ դարաշրջանի վերջում արդեն նկատվում է համաշխարհային հանրության ուշադրությունը գենդերային խնդրին: Այսօր կարծիք կա, որ հասարակության մեջ սեռերը հավասարաչափ չեն ընդգրկված: «Հայաստանում կանայք ներկայացված լինելու խնդիր չեն ունեցել, ի տարբերություն ֆրանսուհիների: Մեզանում կինը կրթության խնդիր չունի, բայց գրեթե բոլոր ընտանիքներում տղաների նկատմամբ վերաբերմունքը փոքր-ինչ այլ է»,- ասաց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Սահակյանը:
«Եթե մի քանի տարի առաջ արժեհամակարգի սանդղակում ընտանիքը եւ ամուսնությունը առաջին տեղում էր, ապա այսօր կարիերան առաջին պլան է մղվել: Գուցե լավը դա է, գուցե դրանից տուժում է ընտանիքը, սա դեռ հետազոտության կարիք ունի»,- ասաց սոցիոլոգը:





























