Լիբիացի ապստամբները պնդում են, որ Բրեգա քաղաքում ընկել են ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի ավիացիայի հարվածի տակ։
Ինչպես հայտնում է ВВС-ն, ավիահարձակման արդյունքում զոհվել է մի քանի մարդ։
Դատելով ականատեսների հաղորդագրություններից՝ կոալիցիայի հարվածի տակ է ընկել նաեւ Լիբիայի մայրաքաղաքը՝ Տրիպոլին։ Ավելի վաղ քաղաքում երկու հզոր պայթյուն էր որոտացել։
Վկաները հայտնել են, որ ռմբահարությունից առաջ երկնքում կոալիցիոն ուժերի օդանավեր են նկատել։
Այսօր վաղ առավոտյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը պահանջել էր Լիբիայում «անհապաղ դադարեցնել խաղաղ բնակչության դեմ ռազմական ուժի կիրառումը», հայտնում է «Ռոսբալտը»։
Լիբիայում զինվորական գործողություններ ներկայումս իրականացնում են ՆԱՏՕ-ի ուժերը։
Ապրիլի 6-ին Լիբիայի ապստամբների հրամանատար Աբդուլ Ֆաթահ Յունիսը ՆԱՏՕ-ին մեղադրել էր անգործության եւ բնակչությանը Քադաֆիի ուժերից պաշտպանել չկարողանալու մեջ։





























