Վանի գլխավոր դատախազությունը Վանի քաղաքապետ, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ Բեքիր Քայայի դեմ հետաքննություն է սկսել ամբողջ աշխարհի կողմից քննադատվող տխրահռչակ 301-րդ հոդվածի հատկանիշներով։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ 2011-ի մարտի 30-ին Վանում կայացել է Թուրքիայի ֆուտբոլի 2-րդ լիգայի Վանսփոր-Էլազըղսփոր հանդիպումը, որից հետո Վանի քաղաքապետը փորձել է իջնել խաղը սպասարկող դատավորների սենյակ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։ Քաղաքապետը ոստիկաններին բացատրել է, թե ինքը չի ցանկանում տեսնել դատավորներին, այլ նրանց սենյակի հարեւանությամբ գտնվող արարողակարգային սենյակ է մտնելու։

Ոստիկանությունը կրկին թույլ չի տվել՝ կիրառելով քաղաքապետի դեմ արցունքաբեր գազ։

Այս միջադեպից հետո քաղաքապետը հայատարությամբ է հանդես եկել լրատվամիջոցների համար, որի ընթացքում նրանից հարցրել են, թե ե՞րբ է դիմելու դատարան իր նկատմամաբ կիրառված բիրտ գործողությունների համար։ Քաղաքապետն ասել է, թե որ մեկը որ շներին բողոքի։

Քաղաքապետի այս խոսքերը առիթ են հանդիսացել, որ Վանի դատախազությունը հետաքննություն սկսի 301-րդ հոդվածով՝  պետության դատական մարմիններին, զինվորական կամ ոստիկանական մարմիններին ստորացնելու մեղադրանքով։

Նշենք, որ Հրանտ Դինքին եւ Օրհան Փամուքին եւս դատապարտել էին այս տխրահռչակ հոդվածով։