Արգենտինահայ համայնքը իր գոհունակությունն ու երախտագիտությունն է հայտնել Արգենտինայի արդարադատությանը. 12 տարվա հետաքննությունից հետո դատարանը եզրակացրել է, որ թուրքական պետությունը 1915-23 թվականներին հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն է իրականացրել:
Բուենոս Այրեսում` Հայ Առաքելական եկեղեցու «Սիրանուշ» սրահում ապրիլի 6-ին տեղի ունեցած բազմամարդ հանդիսության ժամանակ դատավոր Նորբերտո Օյարբիդեն ընթերցել է դատական որոշման տեքստը` արժանանալով ներկաների ծափահարություններին:
Օյարբիդեն ասել է, որ դատական որոշումը հիմնված է Գերմանիայում, Բելգիայում, Վատիկանում եւ այլ երկրներում պահվող արխիվային փաստաթղթերի վրա:
Հանդիսությանը ներկա էր մոտ հազար մարդ, այդ թվում` Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, օտարերկրյա դիվանագետներ, հոգեւորականներ, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համայնքի կողմից ելույթ ունեցավ առաջնորդ սրբազան Գիսակ Մուրադյանը:
Հանդիսության ժամանակ ընթերցվել է Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես Կիրշների զորակցության նամակը, ուր ընդգծվում էր, որ որոշումը նախադեպ չունեցող պատմական իրադարձություն է:





























