Հայաստանի ֆինանսների նախարարության ենթակայության տակ գտնվող «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը 2010 թվականի ընթացքում վաճառել է 1358.5 գրամ քիմիապես մաքուր քաշով արծաթ եւ պետբյուջե է մուտքագրել 460 հազ. դրամ: Այդ մասին նշված է ֆինանսների նախարարության կողմից կառավարություն ներկայացրած գործակալության եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ հաշվետվության մեջ։
Ընդամենը 547.0 կգ քիմիապես մաքուր արծաթից առ այսօր վաճառվել է 219.1 կգ արծաթ, որի դիմաց վճարումները մուտքագրվել են պետբյուջե:
Փաստորեն՝ գործակալությունը վաճառել է արծաթի պահուստների 40 տոկոսը։
Գանձարանի կողմից 2010թ. ընթացքում սահմանված կարգով կատարվել են թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ընդունման թվով 10 գործարք, որի արդյունքում պետական պահուստները համալրվել են թանկարժեք մետաղներից պատրաստված թվով 6035 հատ` 27,2 կգ ընդհանուր քաշով ոսկյա եւ 64 հատ` 6,1 կգ ընդհանուր քաշով արծաթյա իրերով։ Բոլոր այդ գործարքները տեղի են ունեցել բռնագրավման, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչման, ժառանգության կամ նվիրատվության հիմքերով։
Պետական գանձարանում 01.01.2011թ. դրությամբ գտնվել են հետեւյալ արժեքները՝ ոսկի` 227.2 մլն. դրամ (մոտ 14,1 կգ մաքուր քաշով), արծաթ` 6 մլն. դրամ եւ արծաթ-պալադիումի համաձուլվածք` 8,7 մլն. դրամ։





























