Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ ապրիլի 7-ին կառավարության նիստի ընթացքում հանձնարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին՝  ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամներին հրավիրել նախարարություն եւ նրանց հետ քննարկել նվազագույն աշխատավարձի բարձրացման վերաբերյալ առաջարկությունը:

Վարչապետն այդ հանձնարարականը պայմանավորեց նրանով, որ կառավարությունն ու ՀՅԴ-ն կառուցողական երկխոսություն են վարում։
Նշենք, որ կառավարությունը բացասական եզրակացություն է պատրաստել ՀՅԴ պատգամավորական խմբակցության օրենսդրական այն նախաձեռնության վերաբերյալ, որով առաջարկվում է կտրուկ բարձրացնել նվազագույն աշխատավարձը Հայաստանում:

Դաշնակցությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը սահմանել միջին աշխատավարձի 50 տոկոսի չափով եւ ամեն տարի ճշգրտել գնաճի ցուցանիշին համապատասխան: Այսինքն` նվազագույն աշխատավարձը պետք է գերազանցի 50 հազ. դրամը:

Կառավարությունն իր եզրակացության մեջ նշել է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը կհանգեցնի բյուջեի եկամուտների կրճատման եւ ծախսերի ավելացման, ինչպես նաեւ կստեղծի գնաճ: Նշվել է, որ միայն այդ քայլի հետեւանքով տնտեսությունում լրացուցիչ գնաճը կկազմի 5 տոկոս: