Արգենտինահայ գործարար եւ բարերար Էդուարդո Էռնեկյանը կարեւորում է Արգենտինայի դատարանի ընդունած որոշումը Հայոց ցեղասպանության հարցով:

Հիշեցնենք, որ արգենտինացի ճանաչված դատավոր Նորբերտո Օյարբիդեն անցած ուրբաթ օրը վերջնական որոշում է հրապարակել, ըստ որի` «թուրքական պետությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ` 1915-23 թվականներին սպանելով մեկեւկես միլիոն հայերի»:

«Հայերին ոչ ոք չի կարող դասեր տալ, որ իրոք ցեղասպանություն է գործադրվել մեր ժողովրդի նկատմամբ, մեզ չպետք է մտահոգի, թե ինչ են կարծում այլ հասարակությունները, սակայն այս դատական որոշումը կարեւոր է նրանով, որ անկողմնակալ մի դատական ատյան 10 տարվա հետաքննությունից եւ ուսումնասիրությունից հետո որոշել է, որ իրագործվել է ցեղասպանություն, որը մարդկության դեմ ոճիր է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծել է Էռնեկյանը` հավելելով. «Սա թույլ է տալիս, որ տուժած բոլոր հայերը իրենց պահանջները ներկայացնեն Թուրքիայի պետությանը, եւ այս ձեւով ազատում ենք Հայաստանի Հանրապետությանը, որ մասնակցի այս գործերին»:

Նա կարծիք է հայտնել նաեւ, որ «այլ երկրներում պետք է ընդունվեն նմանատիպ դատական որոշումներ, եւ արգենտինացի դատավոր Նորբերտո Օյարբիդեի վերջնական որոշումը կարող է հիմք հանդիսանալ»:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը, արգենտինահայ գործարարը պատասխանել է, թե «եթե նկատենք, որ Հայաստանը մեկուսացված մի պետություն է, բավական լավ է տնտեսական վիճակը»:

«Սփյուռքահայերը պետք է գիտակցեն այդ իրողությունը եւ փորձեն տեղում ուսումնասիրել, թե ինչպիսի ներդրումներ կարող են անել` աշխատատեղեր բացելու նպատակով», - ասել է Էռնեկյանը:

Հարցին, թե շարունակելո՞ւ է արդյոք ներդրումներ անել Հայաստանում, արգենտինահայ գործարարը պատասխանել է, որ «եթե պայմանները շարունակեն դրական լինել` այո, անշուշտ»: