Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ապրիլի 7-ին Թբիլիսիում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի հետ: Ինչպես հայտնում է GHN-ը` վկայակոչելով Վրաստանի մամուլի ծառայությունը, Ապաթուրայը հանդիպմանը եւս մեկ անգամ շեշտել է իր դիրքորոշումը եւ ընդգծել, թե ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները, վրացական խաղաղարարների դերը Աֆղանստանի գործողություններում եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Նախագահի հետ զրույցում Ապաթուրայը հաստատել է, որ նախկինի պես ուժի մեջ է Բուխարեստում ընդունված որոշումը Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ:
Կովկասում եւ Միջին Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Վրաստան է ժամանել պաշտոնական այցով: Նա հանդիպելու է իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Ապաթուրայի այցը պետք է կայանար մարտի սկզբին, սակայն Լիբիայի իրադարձությունների պատճառով հետաձգվել էր:





























