ԱՄՆ-ի եւ Էկվադորի միջեւ դիվանագիտական սկանդալը շարունակություն է ստանում: Ի պատասխան Էկվադորի կառավարության որոշման, որով անցանկալի անձ է հայտարարվել այդ երկրում ԱՄՆ դեսպան Հիզեր Հոջեսին, Օբամայի վարչակազմը նմանատիպ քայլ է կատարել Վաշինգտոնում Էկվադորի դեսպան Լուիս Գալյեգոսի նկատմամբ:
Էկվադորի իշխանությունները երկրից վտարել էին Հոջեսին, երբ Wikileaks-ը հրապարակել էր նրա նամակներից մեկը: Հեռագրում Հոջեսը պնդում էր, որ Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան ոստիկանապետ է նշանակել կոռուպցիայի մեջ մեղադրվող մի անձի:
ԱՄՆ պետքարտուղարությունը ափսոսանք էր հայտնել Էկվադորի կառավարության քայլի կապակցությամբ:





























