Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջման կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու գործընթացը շարունակվում է եւ հանցանքի վաղեմության մասին խոսելը դեռ շուտ է։ Այս մասին հայտարարել է Անկարայի հանրապետական դատախազ Մուրադ Դեմիրը։
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Անկարայի գլխավոր դատախազ Իբրահիմ Էթհեմ Քուրիշը 1980-ի հեղաշրջման մասնակիցների դեմ սկսված հետաքննությունը հանձնել է Անկարայի նորանշանակ դատախազ Մուրադ Դեմիրին։
Մուրադ Դեմիրը հայտնել է, թե հեղաշրջման մասնակիցների դեմ նախապատրաստվում է 3 հազար մեղադրանք, որոնք ներառվում են 350 գործերում։ Նա հերքել է այն պնդումները, թե հեղաշրջման իրականացնողներն օգտվում են հանցանքի վաղեմության օրենքից։ Ըստ դատախազի՝ այդ հանցանքը վաղեմություն ձեռք կբերի միայն 2040 թվականին, քանի որ հանցանքի իրականացման ամսաթիվը համարվում է 2010-ի սեպտեմբերի 12-ը, երբ Թուրքիայի Սահմանադրաթյան մեջ փոփոխություն կատարվեց։ Այդ փոփոխությամբ՝ հանվել է այն կետը, որով արգելվում էր դատապարտել 1980-ի հեղաշրջման մասնակիցներին։
Նշենք, որ Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ին իրականացված զինվորական հեղաշրջման գլխավոր դերակատարը հանդիսացել է այն ժամանակվա ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենը, ով հեղաշրջումից հետո դարձել էր Թուրքիայի նախագահ։
Քենան Էվրենը ներկայումս 93 տարեկան է։ Նա հայտարարել էր, թե ավելի լավ է ինքնասպան լինի, քան դատվի հեղաշրջման համար։





























