Հայաստանյան առեւտրային բանկերի տրամադրած վարկերը 2011 թ. փետրվարի դրությամբ կազմել են 919.3 մլրդ դրամ: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փետրվար ամսվա տեղեկագրում:
Դոլարային գնահատմամբ վարկերի ծավալը կազմում է 2.5 մլրդ դոլար (1դոլար/365 դրամ պայմանական փոխարժեքով):
Հատկանշական է, որ վարկային ներդրումների կեսից ավելին կամ մոտ 58 տոկոսը կատարվել է արտարժույթով, չնայած վերջին ամիսներին դրամային վարկերի տեսակարար կշիռը աճի միտում ունի:
Այս առումով ամենավատթար վիճակը գյուղատնտեսությունում է, որտեղ արտարժույթով են տրամադրվել վարկերի մոտ 87 տոկոսը (վարկերի ընդհանուր ծավալը` 54.7 մլրդ դրամ): Թե ինչով է պայմանավորված գյուղատնտեսության սերը արտարժույթի նկատմամբ` դժվար է ասել: Չի բացառվում, որ բանկերն իրենք են պարտադրում գյուղացիներին` վարկը վերցնել արտարժույթի տեսքով, ինչը սակայն գյուղատնտեսության համար լրացուցիչ ռիսկեր է ստեղծում: Սակայն չպետք է բացառել, որ գյուղացիներն ավանդական հակվածություն ունեն արտարժույթի նկատմամբ:
Ինչ վերաբերում է դրամային վարկերին, ապա դրանք հիմնականում ուղղվում են սպառողական շուկա: Այսպես` սպառողական վարկերը կազմել են 170 մլրդ դրամ (մոտ 465 մլն դոլար), որից մոտ 88 տոկոսը դրամով է:
Բանկային համակարգից ամենաշատ վարկեր ստացել է արդյունաբերությունը` 216 մլրդ դրամ (մոտ 590 մլն դոլար), որի 75 տոկոսը` արտարժույթով:
Մեծ քանակությամբ վարկային ռեսուրսներ են ուղղվում դեպի առեւտրի ոլորտ` 187.5 մլրդ դրամ (մոտ 514 մլն դոլար), որից 67 տոկոսը` արտարժույթով:
Հիփոթեքային վարկերի ծավալը 2011 թ. փետրվարի դրությամբ կազմում է մոտ 89 մլրդ դրամ (մոտ 244 մլն դոլար), որից 40 տոկոսն է տրամադրվել արտարժույթով:




























