Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը լիարժեքորեն հաղթահարել է ֆինանսատնտեսական ճգնաժամը: Այսօր` ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, հավելելով, որ դրան նպաստել է 2009-ին կառավարության կողմից հատկացված 15 մլն դոլարի պետական վարկը:
«Տրամադրված գումարը թույլ տվեց ավարտին հասցնել մի շարք ծրագրեր: Վարկի մի մասը ներդրվեց Հիդրոմետալուրգիական գործարանի կառուցման մեջ, որի շինարարությունն արդեն ավարտին է մոտենում: Նախատեսվում է արտադրական ծավալների շուրջ 20 տոկոս ավելացում»,- ասել է տնօրենը: Նրա խոսքով, թեեւ ձեռնարկությունն այնքան էլ երկար տարիների կյանք չունի, սակայն այն լուրջ հաջողություններ է արձանագրել, որոիցից ամենակարեւորը Հայաստանում արտադրվող մոլիբդենի խտանյութը տեղում ամբողջությամբ վերամշակելն է:
Մ. Հակոբյանի ներկայացմամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում, «Արմինիան Մոլիբդեն փրոդաքշնի» հետ միասին շուրջ 1000 մարդ է աշխատում:
Անդրադառնալով գործարանի կողմից բնության եւ շրջակա միջավայրի հասցված վնասների խնդրին, նա նախ հերքեց նման վնասների առկայությունը, ապա հավելեց, որ եթե անգամ վնասներ լինում են, ապա հարյուրավոր եւ հազարավոր անգամ փոխհատուցում են դրանք:




























