Ապրիլի առաջին տասնօրյակից հետո կտրուկ իջնում է ցրտահարության վտանգը: Այս մասին այսօր` ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Նրա խոսքով`ապրիլի 13 եւ 14-ը ցրտահարության համար ամենավտանգավոր գիշերն է, քանի որ Արարատյան դաշտում ջերմաստիճանը կարող է իջնել մինչեւ 0 աստիճան: «Տեղումների առկայության պայմաններում նույնիսկ 0 աստիճանի դեպքում ցրտահարությւուններ չեն գրանցվում»,- ասաց Զարուհի Պետրոսյանը:
Նրա խոսքով`մինչ օրս տեղացած ձյունը բերքին վնաս չի տվել, քանի որ տեղացել է լեռնային եւ նախալեռնային շրջաններում, որտեղ ծաղկում դեռ չէր արձանագրվել, վեգետացիան չէր սկսվել:
«Հայպետհիդրոմետը» համագործակցում է գյուղնախարարության հետ եւ կատարում է բերքի կանխատեսում` պայմանավորված օդերեւութաբանական առանձնահատկություններով:
Ըստ այդ կանխատեսումների` ծիրանի միջին բերքատվությունն այս տարի սպասվում է 45-46 հազ. տոննա, որը միայն օդերեւութաբանական պայմաններով պայմանավորված կանխատեսում է: «Օդերեւութաբանական պայմաններն այսպիսին են, բայց գյուղատնտեսությունը կախված է նաեւ այլ գործոններից»,- ասաց Զարուհի Պետրոսյանը:
Իսկ խնձորի դեպքում դեռեւս կանխատեսում չկա, քանի որ վեգետացիան ուշ է սկսվում, բայց այս տարի խնձորը թանկ էր նախորդ տարվա տեւական անձրեւների պատճառով:




























