Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` ապրիլի 8-ին մասնակցել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված ամենախոշոր ութերորդ  միջազգային մասնագիտացված «Շինարարություն եւ վերանորոգում EXPO 2011» ցուցահանդեսի բացմանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանը նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպումն իրականացվել է շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ջանքերի շնորհիվ։ Կառավարության ղեկավարի համոզմամբ,  ցուցահանդեսը կնպաստի Հայաստանում շինարարական ոլորտի զարգացմանը, նոր գաղափարների առաջացմանը, ինչպես նաեւ նոր պայմանագրերի կնքմանը։ «Շինարարության ոլորտում մենք լուրջ անելիքներ ունենք։ Համոզված եմ` այս միջոցառումն իր լուման է ներդնելու ոլորտում զարգացումներ ապահովելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը։  

Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 100 տեղական եւ արտասահմանյան ընկերություններ, շուկայում առաջատար դիրք զբաղեցնող ներդնող, շինարարական, խորհրդատվական, նախագծող կազմակերպություններ Թուրքիայից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից եւ Պարսկաստանից ու մի շարք այլ զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներից։

Բացման արարողությունից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի  տաղավարներում, ծանոթացել ոլորտի մի քանի տասնյակ ընկերությունների արտադրանքի նմուշներին։