Հայաստանում ներդրվող նոր արտադրությունները պետք է 4 տարի ժամկետով ազատվեն մի շարք հարկատեսակներից, այդ թվում՝ շահութահարկից: Նման առաջարկ է արվել այսօր` ապրիլի 8-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ հայրենական ավելի քան 70 արտադրողների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
Ապրիլի 8-ին «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողներին այս մասին ասաց Արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։
«Երկրի ղեկավարը նշեց, որ պետությունը եւ կառավարությունը կանգնելու են նման արտադրողների կողքին, որպեսզի վերջիններս կարողանան զարգացնել իրենց գործը եւ արտահանում կազմակերպել։ Մենք՝ Առեւտրաարդյունաբերական պալատի անդամներս մեր հերթին փորձեցիք ներկայացնել մեր առաջարկները, որովհետեւ վերջերս մոնիթորինգ էինք անցկացրել ներմուծվող ապրանքատեսակների ոլորտում եւ առանձնացրել էինք այն բնագավառները, որոնց արտադրությունը հնարավոր է կազմակերպել Հայաստանում։ Մենք օրինակ բերեցինք կավի վերամշակման արդյունքում ստացվող կերամիկական իրերը, որովհետեւ 2009-2010 թվականի մաքսային տվյալներով հանրապետություն ներմուծվել են 2.9 մլն ք/մ կերամիկական իրեր»,- նշեց Սարգսյանը՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանը հավանության է արժանացրել գործարարների այս առաջարկը։
Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին կարեւորեց երկրի ղեկավարի ուղերձը՝ որպես բիզնեսը համակարգող հասարակական կառույցներ ավելի ակտիվանալ եւ պետական կառույցների հետ ավելի ակտիվ աշխատել։ «Նախագահի երկրորդ առաջարկն այն էր, որ հանրապետությունը չդարձնենք ազատ առեւտրի գոտի»,- ասաց նա։
Ղազարյանը եւս խիստ կարեւորեց նոր ներդրվող բիզնեսները որոշակի ժամկետով հարկերից ազատելու եւ պետական հովանավորչության վերաբերյալ նախագահի հետ պայմանավորվածությունը։
Հայրենական ասպրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն իր հերթին ասաց, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ իրենք բարձրաձայնել են արդյունաբերողներին հուզող մի շարք հարցեր՝ այդ թվում՝ հարկային քաղաքականության վերաբերյալ ունեցած դժգոհությունները։ «Այսօր կարծես բոլորս մեր ժամացույցների սլաքները համատեղեցինք, որպեսզի կարողաղանանք բարձրաձայնել արդյունաբերության ոլորտում առկա խնդիրների մասին։ Խոսեցինք գունավոր եւ մետալուրգիայի զարգացման, Կապանում եւ Քաջարանում պղնձաձուլարաններ կառուցելու, «Նաիրիտի» վերագործարկման հեռանակարների մասին»,-ամփոփեց նա՝ հույս հայտնելով, որ երկրի ղեկավարի հետ այս հանդիպումը նոր խթան կդառնա արդյունաբերության զարգացման համար։





























