Թեհրանում տեղի ունեցած ուրբաթօրյա նամազի ժամանակ այաթոլլա Սադիհին, անդրադառնալով Մերձավորարեւելյան վերջին իրադարձություններին, հայտարարել է, որ «մահմեդական աշխարհն արթնացել է»։ «Ուրախալի է, որ Լիբիայի, Եմենի եւ Բահրեյնի ժողովուրդները ոտքի կանգնեցին սեփական իրավունքների պաշտպանության համար։ Մահմեդական աշխարհն արթնացել է։ Ազգերի համբերության բաժակը լցվել է»,- նշել է նա:

Այաթոլլան հայտարարել է, որ լիբիացի ժողովուրդը մի կողմից բռնության է ենթարկվում ՆԱՏՕ-ի  ուժերի կողմից, մյուս կողմից` սպանվում արյունարբու հանցագործ Քադաֆիի ձեռքով։ Ամերիկան եւ նրա դաշնակիցները լիբիացի ժողովրդին պաշտպանելու անվան տակ հարձակվել են երկրի վրա՝ նպատակ ունենալով զավթել նավթահորերը։ Նրանք գործում են սեփական շահերից դրդված, հաղորդում է IribNews-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ՄԱԿ-ի իրավապաշտպանները պատրաստվում են Մուամար Քադաֆիի հակառակորդների եւ նրա կողմնակիցների գործած հանցանքների պաշտոնական հետաքննություն սկսել։