Թերթը գրում է, որ Հյուսիսային Կիպրոսում շարունակվում են բողոքի գործողությունները Թուրքիայի դեմ:

«Ապրիլի 7-ին կազմակերպվեց հանրահավաքներից երրորդը, որի ընթացքում ցուցարարներն արդեն բախվել են ոստիկանության հետ, ինչպես թուրքական հատվածի խորհրդարանի, այնպես էլ Նիկոսիայի թուրքական հատվածում տեղակայված Թուրքիայի դեսպանատան առջեւ, նորից բարձրացնելով «Թուրքիա, ս... եղիր Կիպրոսից» մակագրությամբ պաստառը: Մյուս պաստառներն ունեցել են «ֆաշիզմի դեմ ուս-ուսի», «Անկարա, ձեռքդ քաշիր մեր օձիքից», «ոստիկանական պետություն չենք դառնալու» մակագրությունները:

Նիկոսիայի թուրքական հատվածում կազմակերպված հանրահավաքի մասնակիցները, Թուրքիայում եւ Հյուսիսային Կիպրոսում հրատարակվող թերթերի վկայությամբ, հավաքվել են «Շեհիդների» հրապարակում, ապա շարժվել են դեպի մինչ այդ փշալարերով ոստիկանության պատնեշած «Հանրապետական Մեջլիս», «օկուպանտ Թուրքիա, ռադ եղիր Կիպրոսից» ցուցապաստառը ցուցարարից խլելու ոստիկանության փորձը բախումների պատճառ է դարձել:

Ցուցարարներն այնուհետեւ շարժվել են Թուրքիայի դեսպանատուն: Ցուցարարների մի խումբ փորձել է իջեցնել Թուրքիայի դրոշը, Կիպրոսի Հանրապետության դրոշով փոխարինելու նկատառումով: Պահակախմբին մի կերպ հաջողվել է կասեցնել այս խմբին: Այդ ընթացքում մեկ այլ խումբ դեսպանատան ցանկապատին ամրացրել է Կիպրոսի դրոշը, ինչը քաշքշուկի տեղիք է տվել: Այնտեղ հնչել են կիպրոսում տեղակայված թուրքական զորքերին նսեմացնող, Թուրքայի կառավարության, քաղաքական կուսակցություններին, պատգամավորներին եւ Մեջլիսին դատապարտող կարգախոսներ:

Ինչպես կարձագանքի Թուրքիան այս ամենին, դժվար է կռահել: Բայց որ թուրքական ամեն մի արձագանք կիպրացի թուրքերին էլ ավելի է հեռացնելու Թուրքիայից, նպաստելով հույների հետ նրանց հետագա մերձեցմանը, ակնհայտ է: Ավելի քան ակնհայտ է , որ այս մերձեցմամբ թուրքական հատվածում սրվելու են վերաբնակների հետ կիպրացի թուրքերի հակասությունները, եւ Թուրքիայի առջեւ աստիճանաբար ծառանալու է նաեւ կիպրացի թուրքերի հիմնահարցը»,- գրում է «Ազգը»: