Եվրոպական միությանը շարունակում են անհանգստացնել խնդիրները Ադրբեջանում քաղաքացիների հիմնարար ազատությունների ոլորտում: ԵՄ տարածած հաղորդագրության մեջ խոսվում է երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունների մասին.
«Եվրոպական միությունն անհանգստությամբ նկատում է, որ ապրիլի 2-ին Բաքվում անցկացված խաղաղ ցույցը կանխվել եւ ցրվել է: Շատ մասնակիցներ ձերբակալվել են եւ անմիջապես վարչական պատիժների արժանացել առանց պատշաճ իրավական օգնության: Որոշ լրագրողների թույլ չեն տվել նկարահանումներ իրականացնել, 4 լրագրողի ժամանակավորապես ձերբակալել են:
Բացի այդ, ընդդիմադիր կուսակցությունների անդամները ձերբակալվել էին ցույցից առաջ կամ պահվել տնային կալանքի տակ: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարական հաստատություններին անհապաղ ազատ արձակել այդ կապակցությամբ ձերբակալված անձանց»,- ասված է հաղորդագրության մեջ:
Եվրամիությունը կոչ է արել անհրաժեշտ պայմաններ ստեղծել, որ լրագրողները կարողանան անվտանգ պայմաններում կատարել իրենց պարտականությունները:





























