Իռլանդիայի խորհրդարանի Հաշվիչ կոմիտեն չորեքշաբթի քննություն է իրականացրել ծախսերի առիթով՝ կապված թանկարժեք տպիչի գնման հետ պատգամավորական կարիքների համար։ Այս մասին տեղեկացրել է RTE հեռուստաալիքը՝ հիշեցնելով, որ նոր տպիչի տեղադրման համար պահանջվել է լուրջ վերակառուցում Լեյնսթեր հաուսում՝ խորհրդարանի նիստերի շենքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին տեղի ԶԼՄ-ները, խոսքը ճապոնական արտադրության Kamori տպիչի մասին է՝ 2x2 մետր չափսերով եւ 808 հազար եվրո արժեքով, իսկ շինարարական աշխատանքները, որ խորհրդարանում իրականացվել են կես տարվա ընթացքում, լրացուցիչ 236 հազար եվրո են արժեցել։ Տեսչության արդյունքներով՝ Հաշվիչ կոմիտեն նշել է RTE-ի ստույգ թվերը։ Սուպերմեքենան գանձարանի վրա 1,37 մլն եվրո է նստել, ներառյալ ԱԱՀ-ն, վերակառուցումը՝ 229 հազար եվրո, գումարած լրացուցիչ աշխատանքները օդափոխման եւ օդորակման համակարգերի արդիականացման ուղղությամբ՝ եւս 196 հազար եվրո։ «Մենք փորձել ենք առավելագույն թափանցիկության հասնել, ոչ ոք չի փորձել թաքցնել ծախսերի մասին տեղեկությունը»,- տեղեկացրել է հեռուստաալիքին ստուգումն իրականացնող պատգամավոր Փիթեր Ֆինեգանը։ Նա նաեւ հավաստիացրել է, որ բոլոր աշխատանքները՝ կապված վերակառուցման հետ, «միանգամայն արդարացված են եղել»։

Շատ օրնեսդիրների տպիչի գնման մասին պատմությունը տարակուսանքի է հանգեցրել։ «Յուրաքանչյուր նորմալ մարդու պարզ է, որ բազմոց գնելուց առաջ պետք է համոզվել, որ այն կմտնի դռնից ու կտեղավորվի սենյակում»,- նշել է պատգամավոր Քեյթ Օ՛Քոնելը,՝ զայրացուցիչ անվանելով նման հաշվարկը՝ թանկարժեք սարքավորման ձեռքբերման հետ կապված։

Իռլանդական մամուլը ծահագրգռված է նաեւ նրանով, թե ինչպես են օրենսդիրներն օգտագործում տպագրման հզորությունները, որ գտնվում են իրենց տնօրինության տակ։ Սեփական հետաքննության արդյունքներով՝ The Irish Independent-ը տեղեկացրել է, որ տպագրման աշխատանքների զգալի մասը բաժին է ընկնում անհատական ծննդյան բացիկների ու օրացույցների պատրաստմանը՝ պատգամավորների պատկերներով։ Լեյնսթեր հաուսի մամուլի ծառայությունը հրաժարվել է անվանել այդ ծախսերի գումարն այս տարի, ճշտել է պարբերականը։ 2018-ին, պարզել են լրագրողները, պատգամավորները եւ սենատորները տպագրել են ընդհանուր առմամբ 125 հազար սեղանի օրացույց եւ շնորհավորական բացիկ։ Բացարձակ ռեկորդակիրը  ընդդիմադիր «Ֆիանա ֆոյլ»-ի խորհրդարանական Նայլ Քոլինզն է. նա տպագրել է 31,5 հազար ծննդյան օրացույց, որոնք արժեցել են գրեթե 1 հազար եվրո։