Վրացահայ մի շարք կազմակերպություններ արդեն երկրորդ տարին դիմում են Վրաստանի նախագահին եւ խորհրդարանին` խնդրանքով քննարկել Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցը: Օրինագծի նախաձեռնության խնդրանքով նամակն ուղարկվել է երկրի նախագահին, նորհրդարանի նախագահին եւ խորհրդարանական խմբակցություններին, ինչպես նաեւ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներին:
«Մենք, «Վրաստանի Հայ Համայնք» կազմակերպությունից ներքոստորագրյալներս, հանուն արդարադատության եւ ժողովրդավարական արժեքների կոչ ենք անում ձեզ միանալ միջազգային քաղաքակիրթ հանրության նախաձեռնությանը եւ Վրաստանի խորհրդարանում նախաձեռնել Օսմանյան Կայսրության տարածքում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը»,- ասված է ուղերձում:
Իսկ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներին Վրաստանի հայկական կազմակերպությունները կոչ են անում մինչեւ ապրիլի 24-ը խորհրդարանի նիստի ժամանակ հանդես գալ հայտարարությամբ եւ խորհրդարանին կոչ անել` հարգել 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Ուղերձի նախաձեռնողը «Վրաստանի Հայ համայնք» հասարակական կազմակերպությունն է: ՎՀՀ-ի նախաձեռնությանը միացել են նաեւ «Վրաստանի Հայկական համագործակցության կենտրոն», «Վրաստանի Հայ ուսանողների միություն», «Վրաստանի Հայ պատանիների միություն», «Վրաստանի հայկական երիտասարդական միություն», «Վիրահայերի Միավորում «Նոր Սերունդ» եւ «Թբիլիսյան Հայերի Վեհաժողով» կազմակերպությունը:





























