«Երկիր» օրաթերթը գրում է, որ ԱԺ պատգամավոր Տիգարն Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի» ընկերությունը միլիոնավոր դրամների պարտքեր է կուտակել: Ընկերությունը Արարատի մարզի բազմաթիվ բնակիչների հետ կնքել է 6-ամսյա պայմանագրեր, լրացել է գումարի վճարման ժամկետը, սակայն…Օրինակ` Լուսառատ գյուղի բնակիչ Արամայիս Քեշիշյանը իրեն հասանելիք 384 հազար դրամը դեռ չի ստացել: «Պայմանագրով նախատեսված էր, որ 6 ամսվա ընթացքում պետք է տան գումարը: Լրացել է 6 ամիսը, բայց չկա: Ասում ենք` սպասեք»,-իր դժգոհությունն է թերթին փոխանցել 4 անչափահաս երեխաների հայրը, ում ֆինանսական ռեսուրսները չեն բավարարում հողն ամբողջությամբ մշակելու համար: Ընդ որում, ըստ թերթի, Արամայիսը երկրորդ անգամ է արդեն պայմանագիր կնքում նշված ընտրության հետ, մինչդեռ տարիներ առաջ եւս իրեն «քաշել» են:
Նույն գյուղի բնակչուհի Կարինե Ջալաթյանը «Գրեյթ Վելլի» ընկերությանը հանձնել է 259 հազար դրամի խաղող, այժմ պայմանագիրը ձեռքն է պահել եւ մտածում է, թե ո՞ւր դիմի, քանի որ ընկերությանը դիմելով` արդյունքի չի հասել. «Ավելորդ եմ համարում եւս մեկ անգամ գնալ գործարան եւ հետ գնալ: Քանի՞ անգամ գնամ, ինչքա՞ն փող ծախսեմ, որ էդ 250.000-ը ստանամ: Ես հոգնել եմ գնալուց»,-հայտնել է բնակիչը:




























