Կենտրոնական բանկի կողմից հրապարակված ֆինանսական շուկայի ամփոփ տվյալները որոշ պատկերացում են տալիս այն մասին, թե ինչո՞ւ շաբաթվա վերջում կտրուկ արժեզրկվեց դրամը: Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին ֆոնդային բորսայում դոլարի միջին փոխարժեքը գերազանցել է 374 դրամը` առաջին անգամ 2010 թ. հունիսից հետո:
ԿԲ հրապարակման մեջ նախ ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ այս շաբաթ կտրուկ նվազել է կանխիկ դոլարի առաջարկը: Բանկերն իրենց փոխանակման կետերի միջոցով կարողացել են գնել ընդամենը 46 մլն դոլար, որը վերջին 1 տարում ամենացածր ցուցանիշներից մեկն է, հնարավոր է` ամենացածրը; Համեմատության համար նշենք, որ նախորդ շաբաթ (մարտի 28-ից ապրիլի 1) բանկերը բնակչությունից գնել էին 78 մլն դոլար: Դոլարի առաջարկի նման 40 տոկոսանոց անկումը չէր կարող չանդրադառնալ փոխարժեքի վրա:
Առայժմ պարզ չէ, թե ինչու բնակչությունը կանխիկ դոլար չի վաճառում: Ճիշտ է` 2011 թ. տրանսֆերտները նվազել են մոտ 30 տոկոսով, սակայն շաբաթական կտրվածքով նման անկում հազվադեպ է գրանցվում: Սովորաբար, շաբաթական կտրվածքով, բանկերը 60-80 մլն կանխիկ դոլար են կարողանում գնել:
Հաջորդ պատճառը, որ նույնպես կարող էր էական ազդեցություն ունենալ փոխարժեքի վրա` դոլարային վարկերի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճն է: Վերջին տվյալով, այսինքն` մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, բանկերի կողմից տրամադրվել է 81.5 մլն դոլար վարկ: Սա 2011 թ. ամենաբարձր ցուցանիշն է, ու այս տարի առաջին անգամն էր, որ դոլարային վարկերի ծավալը շաբաթական կտրվածքով գերազանցեց 50 մլն դոլարի սահմանը: Այնինչ դրամային վարկերի նկատմամբ պահանջարկը գրեթե չի փոփոխվում եւ գտնվում է շաբաթական 20 մլրդ դրամի (մոտ 55 մլն դոլար) սահմաններում:
Այսպիսով` առաջին անգամ վերջին 6 ամիսների ընթացքում դոլարային վարկերի տեսակարար կշիռը շաբաթական կտրվածքով գերազանցել է դրամային վարկերին, այսինքն` տեղի է ունեցել վարկերի դոլարիզացիա: Թե որքանո՞վ է սա երկարատեւ միտում` դժվար է ասել: Եթե վարկերի դոլարիզացիայի միտումը խորանա, ապա դրամի արժեզրկման ուղղությամբ ճնշումները կպահպանվեն: Սակայն նկատենք, որ կառավարությունը սկսել է սուբսիդավորել գյուղատնտեսությանը հատկացվող դրամային վարկերը, ինչը կարող է դրական անդրադառնալ ֆինանսական շուկայի վրա:
Սամվել Ավագյան




























