Դեկտեմբերի 2-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Նոր Նորքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մառի փողոցից բաժին բերման են ենթարկել 17-ամյա մի պատանու, որը հայտնել է, որ 2018-2019թթ. Ընթացքում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռներ բացելով, Կենտրոն վարչական շրջանի տարբեր շինություններից կատարել է գողություններ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2018թ․ նա նկարագրված եղանակով Արշակունյաց պողոտայում գտնվող թերթի կրպակից փորձել է գողություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել եւ ոչինչ չգողանալով՝ հեռացել է։ Նույն տարում ոմն Արոյի հետ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ծաղկի սրահից գողացել են փող:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արոյին, տուժողին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Պարզվել է նաեւ, որ նա Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող մի գրասենյակից գողացել էր 50.000 դրամ:

Բացի այդ, կրկին ոմն Արոյի հետ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող դեղատնից փորձել են գողություն անել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել եւ ոչինչ չգողանալով՝ հեռացել են:

Ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Արոյի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: