ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջին անգամ չէ, որ այդպիսի հայտարարություններ է անում, որոնց հետեւում փաստեր չկան։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում, ի պատասխան «Ձեզ մոտ են եկել շեյխերը Դուբայից, հարուստ վայրերից, կես ժամ զրուցել են ձեր և պարոն Մեսչյանի հետ, ցանկացել են ներդրումներ անել, սակայն հիասթափվել և հեռացել են, ինչո՞ւ եք հիասթափեցնում պոտենցիալ ներդրողներին» հարցին՝ ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Աբու-Դաբիի թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի ներկայացուցիչները ցանկացել են մասնավորապես ներդրումներ անել Երեւանի Մետրոյի կայարանի կառուցման նպատակով, սակայն, իրենց բնորոշմամբ, քաղաքապետի վատ պահվածքի պատճառով գործարքը չեղարկել են։
«Այո, հանդիպումը եղել է, եղել են ներդրողները։ Զանգեցին, ասացին, որ հանդիպման ցանկություն կա, կիրակի օրը հանդիպումը կայացավ։ Հադիպումը, քննարկումը եղավ շատ պրոդուկտիվ։ Հիվանդանոցի բարեգործական լինելու մասին ոչ մի խոսք չի եղել։ Մենք ասացինք՝ ինչով հնարավոր է կաջակցենք։ Ես ասացի՝ խնդիր չկա, քանի որ մենք 24/7 ռեժիմով ենք աշխատում։ Եվ մեզ համար շաբաթ-կիրակի գոյություն չունի։
Իրենք ժամ ասացին, մենք հարմարվեցինք իրենց, նաեւ պարոն Մեսչյանին խնդրեցի, որ կիրակի օրով գա հանդիպման։ Հրավիրել ենք պռոտոկոլին: Իրենց հատուկ ձեւով դիմավորեցինք, ունենք պաշտոնական հանդիպումների համար մեծ սրահ: Մենք շատ պաշտոնական էինք հագնված, իսկ նրանք ջինսերով ու մայկաներով էին, բայց դա կարեւոր չի»,- պատմել է քաղաքապետը։
Հայկ Մարությանը նշել է, որ հանդիպման հյուրերը պատրաստակամություն են հայտնել կառուցել հիվանդանոց եւ հյուրանոց, սակայն հիվանդանոցի՝ բարեգործական լինելու մասին խոսք չի եղել. «Հիվանդանոցը, որ պետք է բարեգործական լնի, բացարձակ այդպիսի խոսակցություն չկար, այլ խոսակցությունը զուտ բիզնեսի մասին էր եւ շեշտը դնում էին քաղաքկ կենտրոնի վրա: Մենք բացատրում էինք, որ մեր կենտրոնը գերհագեցած է եւ գրեթե տեղ չկա: Իրենք հողատարածք էլ չունեին, ասում էին՝ միգուցե քաղաքն ունի: Հանեցինք ցույց տվեցինք քարտեզներով, որ քաղաքը, ցավոք, չունի տարածքներ քաղաքի կենտրոնում»,-ասել է Մարությանը՝ հավելելով, որ իրենք առաջարկել են, որ եթե ուզում են հենց կենտրոնում, ապա պետք է տարածքը մասնավորից գնեն:
Երեւանի քաղաքապետը նաեւ ընդգծեց, որ հանդիպման ժամանակ ինչ-որ պահից սկսած իրենց հեռախոսներին սկսեցին զանգեր գալ եւ նրանք անկաշկանդ իրենց լեզվով պատասխանում էին հեռախոսազանգերին, այն ժամանակ, երբ ինքը խոսում էր: 3-րդ, 4-րդ զանգից հետո Մարությանի խոսքով, ինքը հայտարարել է, որ հանդիպումը երեւի կարելի է ավարտված համարել:





























