Երևանում մեկնարկել է ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում սպասվող զարգացումներին նվիրված Silicon Mountains երկօրյա համաժողովը, որի կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է (ՏՀՏԳՄ)՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ: Գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:
Համաժողովի շրջանակում Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված արտասահմանյան փորձագետները Հայաստանի գործարար համայնքին, պետական հատվածին, ՏՀՏ կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ստարտափներին և լավագույն ուսանողների հետ քննարկել են առաջիկա տարիների մարտահրավերները, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային ուղղությունները, տնտեսության ճյուղերում ՏՀՏ կիրառման կարևորությունը։
Համաժողովի մասնակիցներին ողջունել են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Աշխարհում այսօր մեծ մրցակցություն կա, և պետք է շատ ջանք գործադրել, շատ աշխատել՝ հաղթելու և տեղեկատվական ոլորտում սեփական նավահանգիստը կառուցելու համար: Մենք կարող են շատ բան անել միասին»,- ասել է նախագահը:
Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ կառավարությունը ծրագրում է Հայաստանը դարձնել ոլորտի տարածաշրջանային կենտրոն։ Համաժողովի պատվավոր հյուր, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, դոկտոր Տակեո Կանադեի ելույթը նվիրված էր բազմատեսախցիկ տեխնոլոգիաներին: Համաժողովի առաջին օրվա քննարկումները կիբերանվտանգության, արհեստական բանականության, իրերի համացանցի, ժամանակակից ՏՀՏ կրթության մարտահրավերների թեմաներով էին։
Բանախոսները համաշխարհային առաջատար կազմակերպություններից են (Microsoft, Cisco, nCipher Security եւ NXP Semiconductors):
«ՏՀՏ ոլորտի տեղական և միջազգային ընկերությունների ու ճանաչում վայելող փորձագետների հետ միասին ստեղծում ենք յուրօրինակ հարթակ, որտեղ հնարավոր է համատեղ ուժերով նախանշել ոլորտի զարգացման հեռանկարները: Silicon Mountains նախաձեռնության նպատակն է՝ բացահայտել ՏՀՏ հատվածում Հայաստանի ներուժը՝ գտնելով համագործակցության հեռանկարային ոլորտներ ու եզրեր, ինչպես նաև համադրելով մեր հնaրավորությունները: Silicon Mountains հարթակը միտված է խրախուսելու նորարարությունը, տեխնոլոգիական առաջադիմությունը, և որ առավել կարևոր է՝ նպատակների միասնաբար իրագործումը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Վերջին շրջանում Հայաստանում բավական շատ միջոցառումներ են տեղի ունենում, եւ բոլորը, այդ թվում՝ Silicon Mountains-ը, հնարավորություն են նշելու Հայաստանը տեխնոլոգիական քարտեզի վրա՝ որպես մեծ պոտենցիալ ունեցող երկիր: Մենք կարող ենք ողջ աշխարհին ցույց տալ, որ բացի այն, որ գլոբալ շուկայից բավական լուրջ դեմքեր են գալիս Հայաստան եւ ներկայացնում իրենց պատկերացումները, նաեւ մենք հնարավորություն ունենք փոխանցել մեր փորձը»,- ասել է ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:
Համաժողովի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին, կայանալիք B2B հանդիպումներն ուղղված կլինեն ՏՀՏ «խելացի լուծումների» գործնական կիրառմանը տնտեսության մեջ:





























