Հայաստանում գազի գինը էապես զիջում է այլ երկրներում ձեւավորված գներին: Այսօր՝ ապրիլի 11-ին մամուլի ասուլիսում հայտարարեց տնտեսագիտության դոկտոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Աշոտ Թավադյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում մատակարարվող գազի միջին սակագինը 267 եվրո է (Թավադյանի հաշվարկով, մոտ 283 դոլար), այնինչ գազի արդյունահանում ունեցող Ռումինիայում՝ 280 եվրո, իսկ գազի փոխադրման տարանցիկ երկիր հանդիսացող Մոլդովայում՝ 304 եվրո։

Ըստ Թավադյանի՝ Հայաստանում գազի գինը ձեւավորվում է հետեւյալ գործոնների հաշվին. Մատակարարին («Գազպրոմին») վճարվում է 180 դոլար 1000 խմ-ի համար: Սահմանի վրա դրանից գանձվում է ավելացված արժեքի հարկ եւ մաքսատուրք, որի պատճառով գազը թանկանում է մոտ 47 դոլարով։ Գազամատակարարման համակարգում առկա են կորուստներ, որ արժեքային արտահայտությամբ կազմում են 11 դոլար։ Մոտ 15 տոկոս էլ կազմում է համակարգի մաշվածությունը։ Այսպիսով, ըստ տնտեսագետի, «Հայռուսգազարդին» մնում է ընդամենը 45 դոլար՝ յուրաքանչյուր 1000 խմ-ից։ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի կարծիքով՝ այդ մարժան բավարար չէ գերշահույթներ ստանալու համար։

«Հայռուսգազարդը» ոչ բոբո է, ոչ էլ Մայր Թերեզա, այն տնտեսվարող սուբյեկտ է, որը ձգտում է շահույթ ունենալ»,- հայտարարեց Վ. Այվազյանը։
Գազի օպտիմալ գնի ձեւավորման վերաբերյալ վերջերս  խորհրդարանական լսումներ անցկացվեցին ՀՅԴ խմբակցության պահանջով։ Թեեւ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ասում է, որ այդ լսումներին դաշնակցական պատգամավորներից բացի միայն 1 մարդ էր մասնակցում, դրանք իրենց արդյունքը տվել են։ Մասնավորապես՝ ՀՅԴ խմբակցության եւ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի միջեւ համաձայնություն է կայացել աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կուսումնասիրի համակարգում առկա բոլոր խնդիրները։ Այդ խնդիրներից մեկն էլ, ըստ Վ. Այվազյանի այն է, թե արդյոք «Հայռուսգազարդն» իրավասո՞ւ է անջատել գազամատակարարումը, եթե ժամանակին չի վճարվել 5700 դրամ սպասարկման վարձը։