«Հյուսիս հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն է քննարկվել այսօր` ապրիլի 11-ին Երեւանում Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյաննի եւ Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Սյաոյու Ճաոյի հանդիպման ժամանակ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսան Տոնոյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են բանկի կողմից իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերը:

Նախարար Մ.Վարդանյանը մանրամասն ներկայացրել է ԱԶԲ-ի` գյուղական ճանապարհների բարելավման ծրագրով իրականացված աշխատանքները եւ ներկայիս ընթացքը, որոնք  Սյաոյու Ճաոյի կողմից գնահատվել են բավարար:

Անդրադառնալով «Հյուսիս հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, կողմերը նշել են, որ կանեն հնարավորը ծրագիրը լայն թափով առաջ տանելու համար:

Երկուստեք քննարկել են նաեւ ճանապարհների կառավարման խնդիրները, մայրուղիների վերանորոգման ծրագիրը, «Զվարթնոց» օդանավակայանում լոգիստիկ կենտրոնի կառուցման, ինչպես նաեւ դեպի օդանավակայան անհրաժեշտ ենթակառուցվածքների` նոր երկաթուղու եւ ճանապարհի կառուցման հարցերը:  

Բացի այդ անդրադարձ է եղել տարածաշրջանային նշանակություն ունեցող ճանապարհաշինարարական մի շարք ծրագրերի նախագծերին, ինչպես նաեւ «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման նախագծին: ԱԶԲ-ի նախագահի տեղակալ Ս.Ճաոյին հայտնել է, որ բանկը ողջունում է ցանկացած առաջարկ եւ պատրաստ է մասնավորապես աջակցել «Հյուսիս-հարավ» երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության աշխատանքներին: