Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հեռանկարային է համարում Հայաստանում ծրագրերի իրականացումը գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության ոլորտներում: Այս մասին նշվել է այսօր` ապրիլի 11-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԶԲ փոխնախագահ Սյաոյու Ճաոյի հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանը բարձր է գնահատել Բանկի գործունեությունը Հայաստանում եւ երկկողմ գործակցության խորացման համատեքստում կարեւորել բանկի կողմից Հայաստանի տնտեսության զարգացմանն ու դիվերսիֆիկացիային ուղղված ծրագրերի շարունակական իրագործումը:
ԱԶԲ-ի փոխնախագահը նշել է, որ Բանկը պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ: Նա անդրադարձել է բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրին` որպես Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առանցքային ծրագիր:
Երկուստեք կարեւորվել է Հայաստանում գործարար համաժողովների կազմակերպումը` օտարերկրյա ներդրողներին մեր երկրի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու համար:



























