Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) այսօր` ապրիլի 11-ին Հայաստանի վեց բանկերի հետ ստորագրել է առեւտրի ֆինանսավորման համաձայնագիր: Ըստ ԱԶԲ տարածած հաղորդագրության՝ համաձայնագիրն ուղղված է Հայաստանում առեւտրի ոլորտի խթանմանը՝ Կենտրոնական Ասիայի երկրներում կայուն տնտեսական աճի ապահովման շրջանակներում:

Համաձայնգրին միացել են «Ամերիաբանկը», «Անելիք Բանկը», «Արդշինինվեստ Բանկը», «Հայէկոնոմբանկը», «Կոնվերս Բանկը» եւ «Յունիբանկը»:

Նշված բոլոր համաձայնագրերը պատրաստվել են ԱԶԲ Առեւտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, որը միջազգային առեւտրի խթանման համար նախատեսում է բանկային երաշխիքներ եւ վարկեր` ԱԶԲ համագործակցության երկրներում:

Մասնավոր հատվածի զարգացման եւ համաֆինանսավորման գործունեության պատասխանատու, ԱԶԲ նախագահի տեղակալ Լակշմի Վենկատաչալամիի խոսքով.  «Առեւտրի ֆինանսավորման համաձայնագրերի նպատակն է նպաստել առեւտրի, որպես Հայաստանի տնտեսության առավել կարեւոր բաղադրիչներից մեկի, շարունակական զարգացմանը, որը կբերի նոր աշխատատեղերի ստեղծման ու տնտեսության կայուն զարգացման»:

ԱԶԲ հաղորդագրության համաձայն՝ Հայաստանը կարողացավ դուրս գալ այն անդունդից, որն առաջացել էր համաշխարհային ֆինանսական ճգնաժամի արդյունքում՝ պղնձի, քիմիկան նյութերի եւ թանկարժեք քարերի ու մետաղների մեծածավալ արտահանման ներդրումների շնորհիվ։ Բարելավվել են նաեւ արդյունաբերական, շինարարական, ծառայությունների ցուցանիշները, նաեւ՝ ի  շնորհիվ փոխառությունների:

Այս տարի ԱԶԲ-ն կանխատեսում է Հայաստանում ՀՆԱ-ի 4.0 տոկոս աճ`հիմք ընդունելով «Ասիական զարգացման հեռանկար 2011թ.» հաշվետվությունը, որը հրապարակվել էր ապրիլի սկզբին: