Հիվանդանոցում մահացել է Լուբյանկայում հրաձգության արդյունքում երկրորդ տուժածը, որը իրավապահ մարմինների աշխատակից է, հաղորդում է ՌԴ ՔԿ-ը:

«Հետաքննության ընթացքում պարզվել է հարձակում գործած անձի ինքնությունը, նա Մերձմոսկվայի 39-ամյա բնակիչ Եվգենի Մանյուրովն է: Պարզվել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 19-ի երեկոյան ՌԴ ԱԴԾ շենքի մոտակայքում Մեծ Լուբյանկա փողոցում նա կրակ է բացել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ: Արդյունքում մեկ աշխատակից է մահացել տեղում, երկրորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է: Եվս 5 մարդ տուժել է»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Քննչական կոմիտեն շարունակում է հետաքննությունը:

Քրեական գործի հետաքննության համար ստեղծվել է օպերատիվ շտաբ, որում ներառվել են քննիչներ եւ քրեագետներ:

Այժմ ուսումնասիրվում են դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում հարձակում գործած անձի մասին տվյալներն ու հանցանքի դրդապատճառները: