Գերմանիայի կառավարությունը չի պլանավորում պատասխանել պատժամիջոցներին, որոնք սահմանվել են ԱՄՆ-ի կողմից «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման դեմ։ Այդ մասին շաբաթ՝ դեկտեմբերի 21-ին, հաղորդում է dpa գործակալությունը՝ հղում կատարելով գերմանական կառավարության՝ տրանսատլանտյան համագործակցության հարցով համակարգող Փիթեր Բայերին, հաղորդում է DW-ը։
Նրա խոսքով՝ ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են ոչ թե Գերմանիայի, այլ ազնիվ գործարարների դեմ։ «Այդ պատճառով Գերմանիան պատասխան քայլեր չի ձեռնարկի։ Եթե անգամ դա տեղի ունենար, ապա միայն եվրոպական մակարդակում, սակայն դա իրականություն չի դառնա»,-հայտարարել է քաղաքական գործիչը։
Ընդ որում՝ Բայերը խոստովանել է, որ դաշնային կառավարությունը գազատարը պլանավորելիս թերագնահատել է այդ նախագծի քաղաքական ազդեցությունը։ «Մեր եվրոպական գործընկերների կողմից բալթյան խողովակաշարի շուրջ քննադատությունը վաղուց է հնչել։ Մենք չափազանչ երկար ժամանակ դա լուրջ չենք ընկալել»,-նշել է քաղաքական գործիչը՝ կասկած հայտնելով, որ ներկայիս իրավիճակում «Հյուսիսայի հոսք-2»-ն առհասարակ կառուցված չէր լինի։
Բեռլինը զղջում է, որ «Հյուսիսայի հոսք-2»-ի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ են մտել։ Այդ մասին թվիթերյան իր էջում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմերը։
«Դաշնային կառավարությունը մերժում է այդպիսի արտատարածքային պատժամիջոցները։ Դրանք անդրադառնում են գերմանական եւ եվրոպական գործարարներին եւ իրենցից ներկայացնում են միջամտություն մեր ներքին գործերին»,-նշվում է հայտարարության մեջ։
Դեմերը նաեւ նշել է, որ Վաշինգտոնը բացատրում է իր գործողությունները Ուկրաինային պաշտպանելու անհրաժեշտությամբ։ ԱՄՆ-ի Կոնգրեսի եւ Սենատի կողմից ընդունված պատժամիջոցների փաթեթն ընկերությունների դեմ է, որոնք մասնակցում են «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» գազատարի շինարարության՝ համաձայն ուրբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանի։
Փաստաթղթում ասվում է, որ պատժամիջոցներն ընդունվել են Եվրոպայում էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար։ Պատժամիջոցներն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո շվեյցարական Allseas ընկերությունը հայտարարել էր «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարը տեղադրելու շուրջ աշխատանքները դադարեցնելու մասին։





























