Երեւանի թիվ 93 մանկապարտեզը փորձում է տարածքը ցանկապատել, իսկ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը դեմ է, քանի որ դա կխոչընդոտվի աշակերտների տեղաշարժը: Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարածքում լարված իրավիճակ էր. շինարարության աշխատանքները խոչընդոտելու հիմքով մանկապարտեզից դիմել էին ոստիկանություն՝ հասարակական կարգի պահպանության համար, ինչից հետո նշված վայր են այցելել ոստիկանության ծառայողները:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ու կրթահամալիրի աշխատտակիցները կենդանի շղթա էին կազմել: Մեկ այլ շղթա էլ կազմել էին ոստիկանները:
Ոստիկանները ցույց տվեցին շինարարության թույլտվությունը, սակայն Բլեյանն ասաց, որ քաղաքապետարանի այդ որոշումը բողոքարկվել է, այն քաղաքաշինական նորմերին հակասող է: Նրա խոսքով, եթե ցանկապատ են կառուցում, դրանով երկարացնում են երեխաների ճանապարհը: Բլայանը պնդում է, որ թույլ չեն տալու, որ ցանկապատը կառուցվի:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը 7 դպրոց ունի, որոնք գործում են Երեւանի Հարավարեւմտյան թաղամասի տարբեր հատվածներում: Աշակերտները, ուսուցիչները, որպեսզի կարողանան մասնակցել ուսումնական պլանով որոշված պարապմունքներին, մի մասնաշենքից մյուսն են գնում: Ճանապարհն անցնում է հարակից թիվ 93 մանկապարտեզի կողքով:
Մանկապարտեզի աշխատակազմը ցանկանում է տարածքը ցանկապատել եւ այն առանձնացնել հարեւան ուսումնական հաստատություններից, որովհետեւ այնտեղ մուտք են գործում նաեւ տեղի բնակիչներն ու անծանոթ մարդիկ:
Օրեր առաջ ցանկապատման աշխատանքները սկսվել են, սակայն կրթահամալիրի աշակերտները թույլ չեն տվել շարունակել. կենդանի պատ են կազմել:
Բլեյանը եւս մեկ անգամ ընդգծեց. ճանապարհը չի կարող չանցնել մանկապարտեզի կողքով, քանի որ ընդհանուր տարածք է, նախնական այդպես է կառուցված եղել:
Բլեյանը և ծնողները նստեցին այնտեղ, որտեղ ոստիկանական պատն է, իսկ ոստիկանության աշխատակիցները պահանջում էին, որ նրանք իրենց նստացույցն անեն ոստիկանական պատից այն կողմ, քանի որ այդտեղ շինարարություն է ընթանալու:
Ոստիկաններից մեկը սպառնաց ձերբակալությամբ, ինչը դուր չեկավ Բլեյանին: «Դու Բլեյան Աշոտի հետ ձերբակալության սպառնալիքով չխոսես: Քաղաքապետից պահանջել ենք կասեցնել որոշումը, նա համաձայնել է, և ավագանին տեղյակ է դրա մասին, պետք է քննարկում լինի, իշխանությունը պետք է բացատրի, թե ինչու է գաղութի վերածում մեր բնակավայրը»,- նշեց նա:




























