ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 21-ամյա երիտասարդի կողմից ընկերոջ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, 21-ամյա երիտասարդը, 2019 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 00.30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Դավիթաշեն թաղամասի շենքերից մեկի տաղավարում, քրոջը համակրելու հարցի շուրջ վիճաբանել է 22-ամյա քրոջը համակրող ընկերոջ հետ, վիճաբանությանը միջամտել է մյուս ընկերը, որի ընթացքում երիտասարդը դիտավորությամբ հարվածներ է հասցրել միջամտած ընկերոջը՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:





























