«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» հայտարարում է պատմագիտական հետազոտությունների իրականացման հայտերի ընտրության մրցույթ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2020թ. փետրվարի 15–ն է, արդյունքների ամփոփումը՝ մարտի 2–ին, դրամաշնորհի չափը՝ 5,000-10,000 ԱՄՆ դոլար։

 «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» ստեղծվել է 2019 թվականի փետրվարին՝ ի հիշատակ անվանի գիտնական, քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի: Հիմնադրամի նպատակն է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում արվեստի, մշակութային ժառանգության պահպանումը, տարածումն ու մշակույթի բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը:

 Հիմնադրամի «Մինասյան» կենտրոնն իրականացնում է պատմագիտական հետազոտություններ: Կենտրոնի նպատակներից է պատմաբանների համայնքին պատմագիտության ֆունկցիոնալ կարևորության մասին լրացուցիչ ազդակ հաղորդելը, մեր ժողովրդի անցած պատմական հետագծի և հատկապես 20-րդ դարի առանձին դրվագների քննական վերաիմաստավորումը։ Կենտրոնի հետազոտությունների հիմնական նպատակը պատմության նորովի ուսումնասիրության միջոցով Հայաստանի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու ուղիներ գտնելն է։ Կենտրոնը մտադիր է ուսումնասիրությունների շնորհիվ նաև խթանել ժամանակակից հայոց պատմության վերաբերյալ հանրային քննարկումների և գիտական բանավեճի ծավալումը։

 Այս նպատակներն իրագործելու համար կենտրոնը նպատակ ունի իրականացնել հետևյալ ծրագրերը.

 • Համաժողովների կազմակերպում միջազգային ճանաչում ունեցող քաղաքագետների ու պատմաբանների մասնակցությամբ,

• Անհատական կամ խմբային դրամաշնորհների տրամադրում,

• Պատմագիտության ու քաղաքական մտքի զարգացման նպատակով հետազոտությունների հրապարակում պատմության առանձին էջերի, գրականության, մեդիաբովանդակության վերլուծությունների, արվեստի (նկարչություն, ֆիլմարտադրություն և այլն) թեմաներով,

• Ուսանողների և հետազոտողների համար դասախոսությունների կազմակերպում,

• Հատուկ հարթակի ստեղծում, որտեղ կքննարկվեն պատմաբանների մասնագիտությանն ու պրակտիկային առնչվող թեմաներ:

 «Մինասյան» կենտրոնը պատրաստ է աջակցել հետևյալ թեմաներով գիտական հետազոտությունների իրականացմանը՝

• Հայկական ազգայնականությունը 20-րդ դարում,

• Կարծրատիպերը և նախապաշարմունքները հայոց պատմագիտական խոսույթում (19-րդ դարի վերջ - 20-րդ դար),

• 20-րդ դարի հեղափոխություններն ու հայերը,

• Հայոց պատմության մեջ էլիտայի դերն ու դրա փոխակերպումները (19-րդ դարի վերջ - 20-րդ դար),

• Հայրենադարձությանը և ժողովրդագրությանն առնչվող խնդիրներ (20-21-րդ դարեր),

• Հայ-ռուսական հարաբերությունները 20-րդ դարում,

• Հայ Առաքելական եկեղեցի. կրոնական և աշխարհիկ հիմնախնդիրները 20-րդ դարում,

• Ազգային շահի և ազգային գերակայությունների հիմնախնդիրները,

• Խորհրդային Հայաստանի պատմության վերագնահատման խաչմերուկներում,

• Հայությունն ինքնությունների խաչմերուկներում,

• Հայերն ու կայսրությունները (Օսմանյան, Սեֆյան, Ռոմանովյան),

• Ժամանակակից հայկական սփյուռքը,

• Հայերը Մերձավոր Արևելքում:

Հայտերն ընդունվում են անգլերեն, Word կամ PDF ձևաչափերով։ Հայտում պետք է նշված լինեն հետևյալ կետերը.

• Ուսումնասիրվող թեմայի համառոտ նկարագիրը (մինչև 1,500 բառ), որը պետք է ներառի՝

o հետազոտության թեման (արդիականությունը, գիտական հարցադրումը),

o հետազոտության մեթոդաբանությունը,

o տեսական շրջանակ(ներ)ը,

o ակնկալվող արդյունքները,

• հայտատուի (խմբային հայտի դեպքում՝ բոլոր մասնակիցների) CV-ն՝ մինչև 5 էջ,

• հրատարակված հետազոտությունների ցանկը,

• հետազոտության իրականացման ժամանակացույցը,

• պահանջվող ֆինանսավորման չափը:

 «Մինասյան» կենտրոնը մեծապես կարևորում է ներկայացված հայտերի, գիտական աշխատանքի իրականացման և վերջնարդյունքի համապատասխանությունը միջազգային չափանիշերին։ Դրամաշնորհին կարող են դիմել թե՛ փորձառու գիտնականներ, թե՛ երիտասարդ մասնագետներ:

Կդիտարկվեն նաև այն հայտերը, որոնք «Մինասյան» կենտրոնի թվարկած թեմաների և ավելի լայն հետազոտությունների միջակայքում են:

ՀԱՅՏԵՐԸ [email protected] ԷԼՓՈՍՏԻՆ ՈՒՂԱՐԿԵԼ ՄԻՆՉԵՎ 2020 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ը:

Դրամաշնորհ ստացած մասնակիցները 2020 թվականի ՀՈՒՆԻՍԻ 30-ին և ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ին պետք է ներկայացնեն հետազոտության իրականացման առաջընթացի մասին երկու զեկույց (մինչև 2,000 բառ):

Դրամաշնորհ ստացած մասնակիցները հետազոտության վերջնական աշխատանքը (մինչև 50,000 բառ) պետք է ներկայացնեն մինչև 2021 թվականի ՄԱՐՏԻ 1-ը: