Անցյալ գիշեր Ֆրանսիայի հարավ-արեւելքում Գրաս քաղաքում խոշոր բախումներ են տեղի ունեցել խուլիգանների եւ ոստիկանների միջեւ, հայտնում է BFM-ն:
Անկարգությունները սկսվել են Բլակյեր թաղամասում, որտեղ 50 խուլիգան սյուների վրայից սղոցել է տեսահսկման բոլոր խցիկները: Այնուհետեւ սկսել են ավերել ավտոբուսի կանգառները, այրել աղբահորերը, հրավառություն արձակել՝ փորձելով դրանց միջոցով հրդեհներ առաջացնել:
Խուլիգանները դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա քարեր եւ շշեր են նետել: Տեղական իշխանությունները ստիպված էին շտապ քաղաք տեղափոխել ոստիկանների եւ ժանդարմների լրացուցիչ ջոկատներ, այդ թվում՝ բանդիտիզմի դեմ պայքարի խումբը: Բախումները շարունակվել են մի քանի ժամ, կարգի պահապաններին չի հաջողվել հարձակվողներից ոչ մեկին բռնել:
Ոստիկանության կարծիքով՝ միջադեպը դիտավորյալ էր հրահրվել, որ դրանով ոստիկանության ուժերին շեղեին ամանորյան տոներից առաջ շրջան թմրանյութերի խոշոր խմբաքանակի մատակարարման ժամանակ: Գրասը գտնվում է Կաննից մի քանի կիլոմետր հեռավորությամբ:




























